Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ

Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ
07.04.2016 | 09:44

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ապագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:


Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.

Մայա Խաչատրյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, միջազգային հայտնի վերլուծական կենտրոնները, այդ թվում՝ ամերիկյան Ստրատֆորը, վաղուց արդեն կանխատեսում էին, որ նավթի միջազգային գների անկման և Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացման դեպքում Իլհամ Ալիևը պատերազմ կսկսի իր բնակչության ուշադրությունը շեղելու համար: Նավթի գներն ընկան: Ավելին, օրեր առաջ էլ բացահայտվեց Ալիևների գերդաստանի` Պանամայում աստղաբաշխական օֆշորային գումարներ պահելու սկանդալը, որից էլ կարիք կար շեղել Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը: Կիսու՞մ եք արդյոք վերլուծական կենտրոնների կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան պարզապես Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը սեփական լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեին:


Անգելա Մերկել. Ո՛չ, այդ կապակցությամբ ես չեմ կարող որևէ բան ասել: Ես զբաղվում եմ ոչ թե վերլուծություններով, այլ` քաղաքականությամբ: Նախ և առաջ, նման խնդիրներ առաջանալիս անհրաժեշտ է լուծումը գտնելու գործընթացին որևէ կերպ աջակցել, այդ նպատակով անհրաժեշտ է, բնականաբար, իրավիճակը վերլուծել, և ըստ իս, դա հենց այն է, ինչ Գերմանիան պետք է անի: Եվ հենց այդ քայլերն էլ կիրականացվեն: Հենց այդ նպատակով էլ ԵԱՀԿ-ի համանախագահների հանդիպում է կազմակերպվել, համանախագահները որոշակի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, և հենց դրա համար էլ Դաշնային Հանրապետության արտգործնախարարը քայլեր է ձեռնարկել: Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված աշխատանքը՝ այն առաջարկները, որոնք նրանք մշակել են, խելամիտ հիմք են հանդիսանում: Այժմ անհրաժեշտ է փորձել հնարավորինս արագ վերականգնել նախկին կայունությունը: Ինչպես նշվեց` հարցը մի հակամարտության մասին է, որ շատ վաղուց չի լուծվում, սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է շուտափույթ լուծում գտնելը:

Թոմաս Լան, Գերմանիայի լրատվական գործակալություն. Տիկին կանցլեր, Դուք արդեն խոսեցիք Թուրքիայի մասին: Այժմ Բունդեսթագում առաջիկա շաբաթների ընթացքում բանաձև է քննարկվելու, որտեղ բացահայտ կերպով նշվելու է նաև հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին: Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է: Արդյո՞ք նախապատրաստվել եք դրան: Եվ մի կարճ հարց ՀՀ Նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-Թուրքիա սերտ հարաբերությունները փախստականների ճգնաժամի ֆոնին: Շնորհակալություն:

Անգելա Մերկել. Իրավացի եք, որ Բունդեսթագում քննարկվելու է նման բանաձև, ինչին հետևելու է թուրքական կողմը: Ավելին այս պահին չեմ կարող ասել:

Սերժ Սարգսյան. Ինձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է քսան հազարից ավելի փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են և նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Այնուհանդերձ, երեք միլիոնանոց երկրի համար քսան հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է, և այս առումով, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին, Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Զոհրաբ Հարոյան, Արմենիա հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել միջազգային իրավունքի երեք հետևյալ սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարման և տարածքային ամբողջականություն սկզբունքների հիման վրա: Դուք, որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկրի ղեկավար, ընդունու՞մ եք արդյոք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների` այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Անգելա Մերկել. Կարծում եմ՝ լուրջ արդյունքի կհասնենք, եթե զարգացնենք այդ սկզբունքները: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Տևական զինադադարի հասնելու ուղղությամբ հնարավոր հրատապ ջանքերն այդ ուղղությամբ գործադրվում են, քանի որ որքան երկար են ընթանում ռազմական գործողությունները, այնքան դժվար է հասնել քաղաքական լուծման:

Առնդ Հենցե, ARD. Նախ Հայաստանի նախագահին եմ ուղղում հարցս: Պարոն Նախագահ, մի կողմից Ռուսաստանը Ձեր երկրի համար ռազմական պաշտպանողական ուժ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի ամենամեծ ու կարևոր զենք մատակարարող երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում:

Տիկին Կանցլեր, Դուք ականատես եղաք այն բանին, թե ինչպես ՀՀ Նախագահն օգտագործեց այս ֆորումը՝ հակամարտության սրման վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու համար: Հնարավոր չե՞ք համարում, որ Ձեր և Նախագահ Գաուկի հետ հանդիպումները կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե Գերմանիան ընկալվում է որպես հակամարտության կողմ, թե՞ ծրագրում եք նմանատիպ այց նաև Ադրբեջան:


Անգելա Մերկել. Նախատեսում ենք, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսին կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, և մենք կքննարկենք իրադրությունը նաև իրենց տեսանկյունից: Պարբերաբար հանդիպում եմ Ալիևին: Մենք ջանքեր ենք գործադրում երկու կողմերին էլ լսելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյան. Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ:

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ